6-րդ դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Բյուզանդիան սեփական կրոնը՝ քրիստոնեության քաղեդոնական ուղղությունը տարածելով Հայաստանում՝ փորձում էր իր տիրապետությունն ամրապնդել հայկական լեռնաշխարհում: Այդ նպատակով Բյուզանդիայի Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի։ Ավանի տաճարում կաթողիկոս է ձեռնադրվում բյուզանդամետ Հովհան Բագարանցին։ Սա պարզ վկայություն է, որ տարբեր տերությունների համար հայերի սրտերի ու մտքերի համար պայքարը նոր երևույթ չէ: Տարբեր ժամանակներում գերտերությունները միշտ էլ փորձել են իրենց արժեքային համակարգը տարածել Հայաստանում ու հայերի շրջանում՝ իրենց ռազմավարական աշխարհաքաղաքական շահերը հետապնդելու գործում խաղադրույք կատարելով հայկական գործոնի օգտագործման վրա: Միգուցե զարմանալի, բայց փաստ է, որ հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը, Հայրենիք ունենալով աշխարհի հզորների բախման կիզակետում, կարողացել է գերմարդկային ճիգերի գնով պահպանել հավատքը, կրոնն ու արժեհամակարգը: Հայերի սերուցքը, տարբեր ժամանակաշրջաններ գտնվելով տարբեր տերությունների աշխարհաքաղաքական բախումների կիզակետում, կարողացել է պահպանել այն ամենը, ինչ հայերին հասցրել է 21-րդ դար՝ լեզուն, կրոնը, մշակույթը: Եվ բնավ պատահական չէր, որ 6-րդ դարի վերջին պարսկական արքունիքը, ընկալելով Բյուզանդիայի հայերին հավատափոխ անելու ծրագրի էությունը, ռազմաքաղաքական քայլեր ձեռնարկեց ու խափանեց հայերին քաղկեդոնացնելու բյուզանդական պլանը: 602 թվականին պարսից Խոսրով երկրորդ Փարվեզ արքան ներխուժում է արարատյան դաշտ, գրավում է Ավանի տաճարն ու վերացնում կաթողիկոսությունը։ Պարսիկների այս քայլը ինչպես ասում են՝ «հայերի սիրուն աչքերի համար» չէր արված: Խնդիրն այն է, որ պարսից վերնախավը դեռևս այս դեպքերից 150 տարի առաջ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ Ավարայրի դաշտում էր հասկացել, որ չի կարող հայերին հավատափոխ անել և ձուլել: Ուստի անհրաժեշտ էր թույլ չտալ, որ նույն փորձը կրկնելու հնարավորություն ունենա այդ շրջանում Պարսկաստանի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցը՝ Բյուզանդիան, քանզի հաջողելու դեպքում պարսկա-բյուզանդական մրցակցության գործընթացում Կոստանդնուպոլիսը ռազմավարական առավելության կհասներ Պարսկաստանի նկատմամբ: Հենց դա էր պատճառը, որ պարսիկները զենքի ուժով խափանեցին հայերին հավատափոխ անելու, ըստ էության՝ հայերին ձուլելու բյուզանդական փորձը:
- Жыл бұрын
Ավանի տաճարի ծածկագրերը. Հայաստանի համար պարսկա-բյուզանդական պայքարը:
- Рет қаралды 2,616
Пікірлер: 6