ՏԵՐ ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ (ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ).
Ծնվել է 1971 թվականի մայիսի 20-ին Գյումրիում։ Ծնողները պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից։ Ամբողջ ընտանիքով 1971 թվականին ներգաղթում և հաստատվում են Գյումրիում, ապա՝ 1977 թվականին տեղափոխվում Երևան։
1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։
1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
1994 թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։
1995 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտում է ճեմարանը, պաշտպանում «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառությամբ ավարտաճառ։
Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։
1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստության ծրագրեր վարելով Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։
1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում։
1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում[3]։ Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։
1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։ 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը։
2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստանում մասնավոր վարդապետության 4 աստիճանները։
2002 թ. տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը։
2002 թ.-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական Դաստիարակչության կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել։
2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ[5]։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնում է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին եւ հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորում երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։
2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության եւ կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական եւ աստվածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։
2013 թ. վերադարձել է Հայաստան։ Նույն տարվանից հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը։
2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։
2014 թվականից «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի հոգևոր պատասխանատուն է։
Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը։
ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ՝
2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ։
2015 թ. սեպտեմբերի 21-ին Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ։
«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը։
Տավուշում իրականացվել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Աչաջուր, Պառավաքար, Դիլիջան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան և այլ համայնքներում։
2017 թ. հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։
2023 թ. ստացել է արքեպիսկոպոսի կոչում։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պարբերաբար այցելում է սահմանապահ զորամասեր, համայնքներ, իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ.
Негізгі бет ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ (ՏԵՐ ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ)-Ի ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ ՏԱՐԱԾԵԼ).
Пікірлер