Ավանդույթի համաձայն հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը դիպլոմներ շնորհվեցին Գավառի պետական համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ երկու հարյուր շրջանավարտի։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեց և շրջանավարտների օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։
Օրհնության խոսքում հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և հյուրերին, կարևորեց դասախոսների նվիրական աշխատանքը, ապա դիմեց շրջանավարտներին` մաղթելով, որ իրենց ստացած գիտելիքները ծառայեցնեն ի բարօրություն հայ ժողովրդի և ի շենացումն հայրենի երկրի։
Շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ուղղեց ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ հիշեցնելով համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի պատգամները․ լինել բարձր արժեքներ կրող մարդ, օրինապահ քաղաքացի, որակյալ մասնագետ, սիրել հայրենիքը, ազնիվ աշխատանքով շենացնել հող հայրենին։ Պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Թաթուլ Ասոյանը, փոխդեկաններ Մելանյա Գարեյանը և Սիրանուշ Խանդանյանը, ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը դիպլոմներ հանձնեցին շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում։
Դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցեցին հոգևոր հայրեր, Հայ կրթական հիմնարկության բարերար տիկին Միմի Զառուկյանը, շրջանավարտների ծնողներ, հյուրեր։
Մագիստրատուրայի շրջանավարտները բուհն ավարտեցին ԳՊՀ մագիստրոսի հանդիսավոր երդմամբ։
Բարի երթ ենք մաղթում Գավառի պետական համալսարանի շրջանավարտների 25-րդ սերնդին:
Негізгі бет ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՅԱՆՔ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 25-ՐԴ ՍԵՐՆԴԻՆ
Пікірлер