Հայաստանի ազգային գադարանում տեղի ունեցավ հանդիպում ուկրաինացի հայտնի բանաստեղծ Վասիլ Կույբիդայի հետ՝ նրա «Բանի առեղծվածը» ուկրաիներեն-հայերեն գրքի հրատարակման առթիվ։ Միջոցառմանը ներկա էր նաև գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը։
Գրադարանի թամանյանական մասնաշենքի նախագահական շքեղ դահլիճում հյուրերին դիմավորեց և ողջույնի խոսք ասաց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր խոսքում տնօրենն անդրադարձավ գրադարանի հարուստ գրաֆոնդի ուկրաինական գրքերին, ուկրաիներեն թարգմանված հայ գրողներին, ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանի ուկրաինական հավաքածուին և այլն:
Աննա Չուլյանը, մասնավորապես, նշեց, որ Գրիգոր Նարեկացուն գրաբարից ուկրաիներեն է թարգմանել գրող, թարգմանիչ Միրոն Ներստերչուկը, իսկ վերջինիս «Հայկական ռապսոդիան» էլ թարգմանվել է հայերեն: Ազգային գրադարանում է պահվում նաև «Սասունցի Դավիթ» էպոսի ուկրաիներեն թարգմանությունը՝ ակադեմիկոս Պավլո Տիչինայի խմբագրությամբ, որը 1939-ին լույս է ընծայել Կիևի պետական հրատարակչությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծեց. «Համաշխարհային գրականությունը մեծ տեքստ է, և բոլոր գրողներն իրենց տողերն ու բառերն են ավելացնում դրան: «Բանի առեղծվածը» ընդգծված թանաքով է այսօր ավելացվում համաշխարհային գրականության այդ ընդարձակ տեքստին»։ Փոխնախարարը նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշներով Հայաստանում լույս է տեսել 2348 գիրք, որոնցից 500-ը թարգմանություններ են:
Վասիլ Կույբիդայի գրքի ներկայացումը հայ ընթերցողին շուրջ երկու տարի նախապատրաստում էր Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։ Դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը ողջունեց բանաստեղծին գրքի հրատարակության առթիվ և շնորհակալական խոսք ասաց գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանին։
Ելույթ ունեցան նաև Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Լուսինե Ուստյանը, Հայաստանի գրողների միության հրատարակչության պետ Շանթ Մկրտչյանը և ուրիշներ։
Негізгі бет Հանդիպում ուկրաինացի գրող Վասիլ Կույբիդայի հետ
Пікірлер