1991 թվականի հունվարին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը վերջնական որոշում է ընդունում մարտի 17-ին ԽՍՀՄ տարածքում անցկացնել հանրաքվե` «նորացված» ԽՍՀՄ-ն պահպանելու նպատակով: ԽՍՀՄ մաս կազմող 15 հանրապետություններից 6-ը, այդ թվում` Հայաստանը, մերժում են մասնակցել այդ հանրաքվեին: 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի ԳԽ կողմից այդ առթիվ ընդունված որոշման մեջ նշվում էր. «Համարել, որ ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ չունեն»: Նույն օրը Հայաստանի ԳԽ-ն մեկ այլ որոշում է ընդունում` անցկացնել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե: Պահպանելով ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգը, հանրաքվեի անցկացման օրը նշանակվում է 6 ամիս անց` սեպտեմբերի 21-ին: Որոշմամբ սահմանվում է նաև հանրաքվեի միջոցով քվեարկության դրվող հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։
6 ամիսների ընթացքում հաղթահարելով մի շարք բախտորոշ դժվարություններ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն անցկացվում է:
Հանրաքվեի ողջ օրն անցնում է տոնական մթնոլորտում: Հանրապետության տարբեր հրապարակներում ինքնաբուխ տոնախմբություններ են տեղի ունենում: Հանրաքվեի արդյունքները ամփոփում է կենտրոնական հանձնաժողովի նախագահ, ԳԽ փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը: Հանրաքվեին մասնակցած 2.056.758 քաղաքացիներից Հայաստանի անկախացմանն «Այո» է ասում 2.042.262 քաղաքացի (մասնակիցների 99 տոկոսից ավելին, կամ ընտրելու իրավունք ունեցողների 94 տոկոսը): Հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։ Հանրաքվեի ընթացքին հետևել են 117 դիտորդ` 25 երկրներից:
2 օր անց` սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԳԽ-ն, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանը հռչակում է անկախ պետություն:
Негізгі бет Հայաստանի Անկախության օրը
No video
Пікірлер: 2