/ hohita
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը:
Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել՝ քո զաւակը չէ՛, հայ չէ՛:
Հոգեբանօրէն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ՛ ամեն վայրկեան մեռնելու իր հայրենիքի համար:
Հա՛յ մարդ, կասկածելի է հայրենասիրութիւնդ, եթե գոյութեանդ իմաստն ու դրօշակը հայրենիքդ չէ:
Հայրենիքս եւ ես - մենք լծորդուած ենք իրար՝ ինչպէս հոգի եւ մարմին, ինչպէս նպատակ եւ միջոց. նա գերագոյն նպատակ է, ես՝ միջոց:
Հայրենիքի համար ապրում եւ մեռնում է ոգո՛ւ մարդը, միա՛յն նմանը:
Սրտի եւ իմաստութեան տէր դասական ժողովուրդները մահապատժի փոխարէն տարագրութեամբ կը պատժէին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից եւ ջրից օգտուելու իրաւունքից: Այն ժամանակ էլ, ինչպէս այսօր, սրտի աստուածութիւն էր հայրենիքը:
Հայաստա՛ն, քեզ սիրտը ծնաւ - դու ապրում ես սրտերի մէջ եւ ջերմաջերմ սրտերի շնորհիւ միայն: Գուցէ եղել են եւ անսիրտ խելօքներ, որ սիրել են քեզ, բայց նրանք չեն խաչւել, չեն մեռել քեզ համար: Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում մեծ սրտի տէրը միայն:
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:
Ինչպէս աչքս՝ լոյսը, այնպես էլ սիրտս Հայաստանն է փնտրում: -Ապրում եմ՝ մի օր հայրենի լեռների վրայ մեռնելու յոյսով: Պիտի ուզէի մեռնել, հենց որ մեռաւ այդ յոյսը:
Աբովեանի Աղասին՝ փառքի ու մեծութեան իր երբեմնի հայրենիքը խորհրդանշող Անիին հրաժեշտ կու տար լացելով. «Է՛լի որ մարմինս մէկ քարի տակ լինի քո ծոցում, ինձ դրախտը պէտք չի»: -Այսպէ՛ս, ով որ Աղասու պէս չի բաժանուել իր հայրենի հողէն՝ արժանի չէ հայրենիք վերադառնալու:
Հայաստա՜ն - դու իմ սրտի յաւիտենական ճշմարտութիւնը:
Նժդեհ
Негізгі бет Իմ անուշ հայրենիք - Շուշան Պետրոսեան
Пікірлер: 35