Տիգրան Դանիելյանը ծնվել է 1994 թվականին Ասկերան քաղաքում։ 2012-ին, չհասցնելով անգամ ավարտական երեկոյին մասնակցել, զորակոչվում է բանակ։ Հադրութի զորամասում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո 2014 թվականին տեղափոխվում է Մոսկվա։ Երկար տարիներ այնտեղ էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մեծ ցանկություն ուներ հայրենիք վերադառնալու, բայց չստացվեց, ինչպես ասում է՝ օրենքի հետ կապված խնդիրներ ուներ։ Արցախ վերադարձավ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Հակարիի կամուրջն անցնելուց հետո, կարելի է ասել, նրա հետևից փակվեց ճանապարհն ու սկսվեց Արցախի ինն ամիս տևած շրջափակումը։
Մնալով Արցախում` Տիգրանը ծառայության անցավ Ասկերանի զորամասում որպես մարտական դիրքի ավագ։ Մասնակցեց 2023 թվականի սեպտեմբերի մարտական գործողություններին՝ պաշտպանելով այն բարձունքը, որը ժամանակին Մոնթեն առաջինն էր ազատագրել։ Մինչև վերջ պայքարեցին, բայց եկավ այն պահը, երբ պայքարն արդեն անիմաստ էր...
«Տեսել եմ զոհ, վիրավոր, տեսել եմ՝ ինչպես էին մարդիկ վիրավոր վիճակում փորձում օգնել։ Տղերքը ասում էին՝ զենքը տվեք, մեկա մենք էստեղ ենք մնալու։ Ուրիշ բանի մասին չէինք մտածում, մտածում էինք, որ դա վերջն է»,-պատմում է Տիգրանը։
Սեպտեմբերի 25-ին պատրաստվում էին հեռանալ Արցախից, երբ տեղի ունեցավ բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունը, որի ժամանակ Տիգրանը կորցրեց մտերիմ ընկերների, ծանոթների։ «Այնտեղ բոլորն էլ ծանոթ էին, փեսաս ութսուն տոկոսանոց այրվածք էր ստացել, նրա եղբայրը ավելի ծանր վիճակում էր։ Հիվանդանոցում պարզվեց, որ՝ մաշկային դոնոր է անհրաժեշտ կյանքը փրկելու համար, ես էլ դարձա այդ դոնորը»,-պատմում է Տիգրանը։ Հայաստան եկան սեպտեմբերի 28-ին, Հակարիի կամուրջն անցնելիս գրանցված հարյուր երկու հազարերրորդ արցախցին էր, որը դուրս էր գալիս իր բնօրրանից։
Негізгі бет Մտածում էինք, որ դա վերջն է․ Տիգրան Դանիելյան․ «Կյանքին ասել այո՛»
Пікірлер: 1