Պատարագիչ՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
Սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Ս. ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ
Հայաստանում ավետարանի քարոզչությունը առաջին անգամ մուտք գործեց ս. Թադեոս առաքյալի միջոցով: Սուրբ Գրքում նա հիշատակված է Ղեբեոս և Հուդա անուններով:
Հիսուսի համբարձումից հետո ս. Թադեոսը եկավ Եդեսիա և ծանր ախտից բժշկեց Աբգար թագավորին: Նա մեր երկիր բերեց այն սուրբ գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցել են խաչված Քրիստոսի կողը:
Եդեսիա քաղաքում ս. Թադեոսը աթոռ հիմնեց և եպիսկոպոս ձեռնադրեց Ադդե անունով մի մարդու: Այնուհետև Աբգարի նամակով նա եկավ Արտազ գավառ՝ հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Այդտեղ քարոզելուց և արքային ու նրա դստերը՝ Սանդուխտին դարձի բերելուց հետո առաքյալը շարունակեց իր ճանապարհը դեպի արևելք: Եղավ Աղվանքում, ապա վերադարձավ Սանատրուկի նստավայրը՝ բազում աշակերտներ թողնելով իր ետևից:
Աբգարի մահից հետո, սակայն, Սանատրուկը ուրացավ իր հավատը և ծանր հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Նախ նահատակվեց նրա դուստր Սանդուխտը, ապա նաև՝ ս. Թադեոս առաքյալը՝ 46 թ.:

Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ
Նոր Կտակարանում Բարդուղիմեոսը հիշատակվում է նաև Նաթանայել անունով: Հիսուսը, նրա մասին վկայելով, ասում է. «Ահա, արդարև, մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» [Հովհ. 1.47]: Նաթանայելը առաջինն է Հիսուսին Աստծո Որդի դավանում [տե՛ս Հովհ. 1.49], այդ իսկ պատճառով կոչվում է նախադավան առաքյալ:
Բարդուղիմեոս առաքյալն իր քարոզչությամբ հասել է մինչև Հնդկաստան և հետդարձի ճանապարհին մտել է Հայոց աշխարհ: Նա իր քարոզչությունը սկսել է Գողթն գավառում, որտեղ կառուցել է Ս. Տյառնընդառաջ կոչվող եկեղեցին: Ավանդության համաձայն՝ Բարդուղիմեոսը Հայաստան է բերել Տիրամոր սրբապատկերը և Անձևացյաց գավառում Անահիտ դիցուհու մեհյանի տեղում հիմնել է Ս. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև կուսանոց:
Նա մեր երկրում բազում հրաշքներ է գործել և շատ աշակերտներ ունեցել: Նրա հետևորդներից էր նաև Սանատրուկ թագավորի քույրը՝ Ոգուհին, որը նահատակվել է ս. Սանդուխտի պես:
Ըստ ավանդության՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները հանդիպել են Հայաստանում՝ Արտաշատի կամրջի վրա:
Բարդուղիմեոսի նահատակության մասին ասվում է, որ նրան թրածեծ արեցին և մարմինը նետեցին քաղաքից դուրս, բայց սուրբը դեռևս կենդանի էր, և շատերը վերջում լսեցին նրա խոսքը: Առաքյալն ավանդեց հոգին՝ տեսնելով ս. Թադեոս առաքյալի տեսիլքը երկնքում:
Մարիամ Կիրակոսյան
Ս. ԱՌԱՔՅԱԼՆԵՐ
Սուրբ Գրքում լայն իմաստով այսպես են կոչվում Աստծո կողմից առաքված մարդիկ, իսկ հատկապես՝ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտները, որոնց Նա ուղարկեց աշխարհի տարբեր ծայրերը՝ քարոզելու Իր ավետարանը:
12 առաքյալներն են Պետրոսը և Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը, Փիլիպպոսը և Բարդուղիմեոսը, Թովմասը և Մատթեոսը, Հակոբոս Ալփյանը և Թադեոսը, Սիմոն Կանանացին և Հուդա Իսկարիովտացին, որը և մատնեց Տիրոջը. նրա փոխարեն հետագայում ընտրվեց Մատաթիան:
Բոլոր 12 առաքյալներն էլ ընտրվել են Տիրոջ կողմից: Բացառություն չի կազմում և Մատաթիա առաքյալը, որի ընտրությունը վիճակահանությամբ կատարվել է Աստծո կամքով:
Առաքյալները, Սուրբ Հոգով ներշնչված, իշխանություն են ունեցել հրաշքներ գործելու և փոխանցելու հոգևոր շնորհներ: Նրանց հավասար առաքելական պատվի և շնորհների է արժանացել նաև Պողոսը, որը թեև սկզբում Տիրոջ և Նրա հետևորդների թշնամին էր, սակայն Աստծո հրաշքով դարձի գալով՝ ընտրվեց Քրիստոսի կողմից իբրև հեթանոսների առաքյալ:
12-ից և Պողոսից բացի՝ առաքյալ են անվանում նաև Քրիստոսի 72 աշակերտներին, որոնք չեն եղել Տիրոջ գործերի մշտական ականատեսն ու վկան, ինչպես նաև ամբողջությամբ չեն ունեցել այն իշխանությունն ու զորությունը, որով օժտված էին տասներկուսը: Այնուհանդերձ նրանց գործունեությունը կարևոր նշանակություն է ունեցել քրիստոնեության տարածման գործում:
Շուշան Վարդանյան
ՍՐԲԵՐ
Եկեղեցին սուրբ է կոչում նրանց, ովքեր ապրել են Աստծո սրբությամբ, Նրա շնորհով սրբագործվել են և ազատվել մեղքերից՝ հավաստիորեն արժանանալով փրկության: Այդպիսիք են բոլոր մարտիրոսները, քանզի սրբագործվել են՝ հանուն Քրիստոսի իրենց արյունը հեղելով:
Բոլոր սրբերը ահեղ դատաստանին չպիտի դատվեն, այլ գալու են Տիրոջ հետ՝ դատելու մարդկանց: Նրանք այժմ երկնքում անդադար բարեխոսում են մեզ համար՝ կենդանի մասնակցություն ունենալով Եկեղեցու կյանքում: Ուստի և Եկեղեցին երբեք չի մոռանում նրանց՝ տոնելով նրանց հիշատակը:
ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Սրբությունը Աստծո և Նրա հավատարիմ ծառաների այն հատկանիշն է, որը հակադիր է աստվածամարտ ոգիներին և ադամական մեղքի հետևանքով առաջացած ապականելի աշխարհին: Արարչի կամքով չընթացող և Նրա շնորհից զրկված յուրաքանչյուր արարած օտար է Աստծո բնությանը և Նրա նկատմամբ՝ անմաքուր ու անսուրբ, քանզի առանց Աստծո կյանքը ենթակա է ապականության: Մարդու վերադարձը և հաշտությունը Արարչի հետ ենթադրում է այդ օտարության և անմաքրության հաղթահարում, որ կատարվում է Աստծո բնությանը մերձենալով և Նրա սրբությամբ սեփական անսրբությունից մաքրվելով:
Աստված մարդուց պահանջում է նմանվել Իրեն ոչ թե գերբնական հատկանիշներով, զարմանալի գործերով ու արտաքին սխրանքներով, այլ՝ մեղքերի հաղթահարմամբ և ընկած բնության նորոգությամբ, այսինքն՝ սրբությամբ. «Սո՛ւրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» [Ղևտ. 19.2]: Մարդու սրբացումը հոմանիշն է նրա փրկագործման: Սակայն նա չի կարող նորոգվել ու սրբանալ սեփական կարողություններով:
#ՏերԳրիգոր #ՍուրբՊատարագ #ՍուրբՊատարագ #քարոզ #surbpatarag #SurbAstvacacin #TerGrigor
Негізгі бет Տեր Գրիգոր։ Տոն Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների։ Ter Grigor. Ton Tadeos Bardughimeos araqialneri.
Пікірлер: 1