ԴԱՎԱՃԱՆ Է ՆԱ ՈՎ ՀՈՂ Է ԶԻՋՈւՄ
Ապրող և մարտնչող Շահումյանցիներին
Վեր կացեք, տղերք,
Զենք կապեք, տղերք,
Էսօր ուրիշ հոգս չկա մեզ համար:
Թշնամու գլխին հուր թափեք, տղերք,
Որ զորք է հանել մեր դեմ անհամար:
Երեկ Սասունն էր, Զեյթունն էր, Վանն էր,
Էսօր Արցախն է կրակների մեջ:
Թշնամին նույնն է, նույն հայասպանն է,
Նրա համար մեր տառապանքը հեչ:
Սարերն այս մերն են, գյուղերն այս մերն են
Եվ այստեղ են մեր պապերը ննջում:
Այս հողի համար ապրենք ու մեռնենք,
Դավաճան է նա ով հող է զիջում:
Մի բան զիջեցինք՝ մյուսը կուզեն,
Հերթը կհասնի ամբողջին նաև,
Հերի¯ք է, հայեր, ողբալ ու հուզվել
Եվ հայրենիքը մտքում փայփայել...
Հայոց աշխարհի քարտեզին նայեք,
Դարեր շարունակ կրծմրծել են մեզ...
Դեռ ինչքան պիտի դիմանանք, հայեր,
Որ մարմինը մեր կուլ տան վերջապես:
Սա մեր կռիվն է, մենք պիտի վարենք,
Որ պարտք չմնանք սերնդին հաջորդ:
Ճիշտը կռվողն է, վախկոտը, տղերք,
Կյանքն է քարշ տալիս հաջող-անհաջող...
Օրերը գալիս, մարում են, գնում,
Այս աշխարհում ո՞վ, ո՞վ չի անցավոր:
Սերունդներն անցնում, երկիրն է մնում,
Անունն է մնում սուրբ կամ հանցավոր:
Եկեք, տղերք ջան, կանգնենք ուս-ուսի,
Ահ տանք թշնամուն մեր միասնությամբ:
Հենց որ նա զրկվեց թալանի հույսից`
Էլ ծուռ չի նայի մեր տան ուղղությամբ:
Երդվենք Մռավին, երդվենք Թարթառին,
Ընկերներին մեր` քաջ ու նահատակ,
Մեր հողը փրկենք, դարձնենք անառիկ,
Թշնամու առջև հավերժորեն փակ...
Վեր կացեք, տղերք,
Զենք կապեք, տղերք,
Էսօր ուրիշ հոգս չկա մեզ համար:
Թշնամու գլխին հուր թափեք, տղերք,
Որ զորք է հանել մեր դեմ անհամար:
1993 թ.
Негізгі бет Յուրի Սահակյան - Դավաճան է նա ով հող է զիջում, կարդում է՝ Անդրանիկ Ազատյանը
Пікірлер: 2